Հայտնաբերվել են Մերձմոսկվայում կոշտ վայրէջք կատարած «Մի-8» ռազմական ուղղաթիռի սև արկղերը
Ռուսաստանում որոնողափրկարարական խումբը գտել է կոշտ վայրէջք կատարած «Մի-8» ռազմական ուղղաթիռի սև արկղերը, որոնք բավարար վիճակում են եղել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով արտակարգ իրավիճակների ծառայությունում իր աղբյուրին:
Ինչպես հաղորդում է Известия-ն, մահացածների թվում 3 սպա կա՝ ռազմական ուղղաթիռի հաստիքային անձնակազմից երկու օդաչու և տեխնիկ:
Ուղղաթիռը պլանային թռիչք էր իրականացնում ռազմական պատրաստվածության կուրսի շրջանակում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մերձմոսկովյան Կլինսկի շրջանում կոշտ վայրէջք է կատարել «Մի-8» ռազմական ուղղաթիռը, որի անձնակազմը զոհվել է:
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, նախանական տվյալներով, ավիավթարի պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը:
«Մայիսի 19-ին Մոսկվայի ժամանակով 20:00-ի սահմաններում ուսումնավարժական թռիչք կատարելիս ՌԴ ռազմատիեզերական ուժերին պատկանող «Մի-8» ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել բնակավայրից 20 կմ հեռավորությամբ: Կոշտ վայրէջքի հետևանքով ուղղաթիռի անձնակազմը զոհվել է ստացած վնասվածքներից»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ թռիչքն իրականացվելիս է եղել առանց ռազմամթերքի:










