«Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի հակազդեք քրիստոնյաների մշակութային արժեքների դեմ ոտնձգություններին». Կարո Փայլանը հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարարին

14:54 • 20.05.20

Թուրքիայի Գյումուշհանե գավառի Յեշիլդերե գյուղում տեղակայված հունական եկեղեցին քանդվել է գանձագողերի ու վանդալների կողմից: Տարիների միջով անցած եկեղեցին քանդված է արդեն 5 տարի: Հարցին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը՝ տեղեկացնելով, որ հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի էրսոյին:

«Եկեղեցու նկարազարդված պատերն ամբողջովին քանդվել, իսկ շրջակայքում գտնվող գերեզմանները փորվել են գանձագողերի կողմից: Սուննի կամ առհասարակ մահմեդական չհանդիսացող մարդկանց նկատմամբ իշխանությունների ատելության խոսքերը դուռ են բացում նման արարքների համար: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին հարցնում ենք.

1) Արդյո՞ք հայտնաբերվել է այն մարդը կամ մարդիկ, որոնք նման արարքներ են արել Յեշիլդերեի եկեղեցում և դրա շրջակայքում: Սկսվե՞լ է որևէ իրավական գործընթաց:

2) Ինչո՞ւ Յեշիլդերեի եկեղեցին և Գյումուշհանեի նմանատիպ այլ կառույցները պաշտպանված չեն ձեր նախարարության կողմից:

3) Աշխատելո՞ւ եք արդյոք Յեշիլդերեի եկեղեցու վերակառուցման և վերաբացման ուղղությամբ:

4) Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի հակազդեք քրիստոնյաների մշակութային արժեքների դեմ ոտնձգություններին:

5) Ի՞նչու չեք կարողանում կանգնեցնել նման դեպքերը»,- գրել է նա: