Ռուսաստանում Քեոփսի բուրգի նմանությամբ նոր հսկայական բուրգի հայտնաբերման մասին լուրերը կեղծ են անվանել

12:21 • 20.05.20

Ռուսական աշխարհագրական միությունը կեղծ է անվանել Ռուսաստանում եգիպտական Քեոփսի բուրգի նմանությամբ նոր հսկայական բուրգի հայտնաբերման մասին լուրերը․ այս մասին պաշտոնական մեկնաբանությունը հրապարակվել է միության կայքում:

Մասնագետներն ընդգծել են, որ 65.24.098 և 61.41.863 կոորդինատներով և 774 մետր բարձրությամբ գագաթը վաղուց է հայտնի և այն ներառված է տեղագրական քարտեզներում։ Փորձագետները հերքել են նաև դրա՝ ձեռակերտ լինելու մասին լուրերը, քանի որ ռելիեֆի նման ձևեր հանդիպում են շատ լեռնային համակարգերում։

Նշվում է, որ Ռուսական աշխարհագրական միության տարածաշրջանային մասնաճյուղը նախատեսում է արշավ կազմակերպել Նարոդո-Իտինսկի լեռնաշղթա, սակայն այդ գագաթի ուսումնասիրությունը նրանց ծրագրում ներառված չէ։

Ավելի վաղ E1.RU հրատարակությունը հայտնել էր, որ արշավախմբի անդամ մի խումբ զբոսաշրջիկներ Մերձբևեռային Ուրալում հսկայական բուրգ են հայտնաբերել։ Այն տեղակայված է Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի Նարոդո-Իտինսկի լեռնաշղթայի տարածքում, բուրգի բարձրությունը հասնում է գրեթե 800 մետրի։

«Հրապարակման նպատակը Մերձբևեռային Ուրալում կոմերցիոն տուրեր կազմակերպող զբոսաշրջային ընկերության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է եղել, ուստի հետազոտական աշխատանքների հետ որևէ կապ չունի»,- եզրափակել է Ռուսական աշխարհագրական միությունը: