Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 7,5 միլիոն թեստ է անցկացվել
Ռուսաստանում կորոնավիրուսի առկայությունը ստուգող ավելի քան 7,5 միլիոն թեստ է անցկացվել, բժշկական հսկողության տակ ավելի քան 273 000 մարդ է գտնվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայության հայտարարությանը։
«ՌԴ-ում կորոնավիրուսի ավելի քան 7,5 միլիոն թեստ է անցկացվել։ Բժշկական վերահսկողության տակ մոտ 273 հազար մարդ է գտնվում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ռուսաստանում միայն նախօրեին վարակի հայտնաբերման համար 225 հազար թեստ է անցկացվել։ Երկրում համավարակի սկզբից գրանցվել է ավելի քան 290 հազար վարակման դեպք, մահացել է ավելի քան 2800 մարդ։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,9 միլիոն մարդ, որից 324 970-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև վարակակիրների թվով հաջորդում են Ռուսաստանը, Իսպանիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը։










