Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ 47 պատվաստանյութի մշակման աշխատանքներ են տարվում

17:14 • 20.05.20

Ռուսաստանում 14 հարթակ ներկայում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ 47 պատվաստանյութի մշակման աշխատանքներ է իրականացնում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով երկրի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հայտարարությանը։

«Այս աշխատանքի կարևոր կողմը նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշումն է։ Այժմ 14 հարթակում 47 պատվաստանյութի մշակման աշխատանքներ են տարվում։ Մենք հույս ունենք, որ դրանցից մի քանիսը շոշափելի արդյունք կտան»,- նկատել է նա։

Գոլիկովան հայտարարել է, որ դաշնային բյուջեից 3,1 միլիարդ ռուբլի է տրամադրվել կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստային համակարգի և դրա դեմ պատվաստանյութի մշակման համար։

Ավելի վաղ Ն․ Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Ռուսաստանում կարող է գրանցվել օգոստոսին։ Նրա խոսքով՝ այժմ պատվաստանյութի մշակման աշխատանքները նախակլինիկական փորձարկումների փուլում են գտնվում և մոտ մեկ ամիս էլ կշարունակվեն։

Այս փուլում ստուգվում են դրանց տոքսիկ լինելը, ռեակտոգենությունը և այլ չափանիշներ, որոնցից ելնելով էլ կարելի կլինի մարդկանց վրա փորձարկումներին անցնել։