ԱՄՆ-ն արգելել է միջազգային ջրերում և նեղուցներում իր ռազմանավերին 100 մետրից մոտ գնալ
ԱՄՆ ռազմածովային ուժերը սպառնացել են ուժ կիրառել Արաբական ծովում, Պարսից և Օմանի ծոցերում ամերիկյան ռազմանավերին 100 մետրից մոտ եկողների նկատմամբ։ Համապատասխան հայտարարությանը նախորդել են վերջերս տարածաշրջանում ամերիկյան և իրանական նավերի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերը: Հայտարարությունը հրապարակել է ԱՄՆ հետախուզական ազգային գործակալությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին դեպքերի հետ կապված՝ անվտանգության բարձրացման, անորոշությունը նվազագույնի հասցնելու և սխալ հաշվարկների հավանականությունը նվազեցնելու նպատակով միջազգային ջրերում և նեղուցներում ԱՄՆ նավատորմի նավերից պետք է առնվազն 100 մետր հեռավորություն պահպանվի։ Ամերիկյան ռազմանավերին 100 մետրից մոտ գնացած ուժերը կարող են որպես սպառնալիք դիտարկվել, և դրանց նկատմամբ կարող են օրինական պաշտպանական միջոցներ ձեռնարկվել»,- ասվում է հայտարարությունում:
Ապրիլի 15-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի մամուլի ծառայությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական մոտորանավերը վտանգավոր զորավարժություններ են իրականացրել Պարսից ծոցում ամերիկյան մի քանի ռազմանավերի մոտ:
Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել էր, որ հրահանգել է ոչնչացնել ամերիկյան նավերի համար խոչընդոտ հանդիսացող իրանական ցանկացած մոտորանավ:










