Մենք նոր ենք սկսում սովորել այս վիրուսի մասին, դեռ շատ մարտահրավերներ են լինելու և ոչ միայն Հայաստանի համար. ԱՄՆ դեսպան

17:56 • 21.05.20

Վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանի առողջապահական ոլորտին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հատկացրել է 106 մլն ԱՄՆ դոլար, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Նրա խոսքով՝ այդ միջոցներն ուղղվել են առողջապահության ոլորտի հասանելիությանը, թափանցիկությանը, նաև իրականացվել են գյուղական ամբուլատորիաների մեկ երրորդի վերականգնման աշխատանքները:

«Ուրախությամբ ուզում եմ նշել, որ մենք առողջապահական հարցերի շուրջ այլ համագործակցություն էլ ենք իրականացնում: 2019 թվականի հոկտեմբերից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աղետների աջակցության գրասենյակի կողմից աջակցություն է իրականացվում Կարիր խաչի միջազգային կազմակերպության հետ, և աշխատանքները միտված են առողջապահական համակարգում ծառայությունների կազմակերպմանը»,- ասաց նա:

Գնահատելով Հայաստանի կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերը՝ ԱՄՆ դեսպանը նշեց, որ աշխատանքների ընթացքում նկատելի են եղել թափանցիկությունն ու հասարակության առջև հաշվետվողականությունն ապահովելու ձգտումը:

«Դեռ լինելու են շատ մարտահրավերներ և ոչ միայն Հայաստանի համար: Մենք նոր ենք սովորում այս վիրուսի մասին, նոր ենք սկսում ճանաչել այն, սակայն աշխատանքները, որոնք հիմնված են հաղորդակցության, թափանցիկության վրա, օգնում են, որ հանրության մոտ վստահություն ձևավորվի, ինչը հիմնաքարն է, որպեսզի առողջապահական համակարգում հանդիպած յուրաքանչյուր խնդիր հաղթահարվի»,- ասաց նա: