«Նա հրամայել է Վենեսուելան վարակելու համար հնարավոր ամեն ինչ անել»․ Մադուրոն կորոնավիրուսի տարածման համար մեղադրել է Կոլումբիայի նախագահին

11:22 • 21.05.20

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեին մեղադրել է երկիրը կորոնավիրուսով վարակելու փորձի համար: Այս մասին նա հայտարարել է մայիսի 20-ին Կարակասում ելույթի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր վիրուսը գրանցվել է Կոլումբիայից և Բրազիլիայից վերադարձած 67 վենեսուելացու մոտ։ Նրանք մտնում են երկիր և վարակում մարդկանց այնպես, ինչպես ցանկանում է Իվան Դուկեն: Նա հրամայել է Վենեսուելան վարակելու համար անել հնարավոր ամեն բան»,-ընդգծել է Մադուրոն։

Նրա խոսքով՝ երկիր վերադարձած վենեսուելացիներին կոլումբիացիները «կեքսերով պայուսակներ» են նվիրել։

«Նրանք ասում են, որ Կալի, Բոգոտա, Մեդելին քաղաքները լիովին առողջ են լքել, ոչ մեկի հետ չեն շփվել, միայն իրենց վենեսուելացի ընտանիքների հետ, ուստի՝ նրանք ենթադրում են, որ իրենց վարակել են ավտոբուսներում»,-նշել է Վենեսուելայի առաջնորդը:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին հայտնի էր դարձել մարտի 13-ին։ Նույն օրը արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարտի 17-ին Մադուրոն կարանտին է հայտարարել Վենեսուելայի ամբողջ տարածքում:

Վերջին տվյալներով՝ Վենեսուելայում արձանագրվել է կորոնավիրուսի 824 դեպք, որոնցից 10-ը՝ մահվան ելքով։