Արցախի խորհրդարանի նախագահ ընտրվեց Արթուր Թովմասյանը (տեսանյութ)

10:22 • 21.05.20

Արցախի նորընտիր Ազգային ժողովն առաջին նիստն է հրավիրել։ Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների արդյունքներով Արցախի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են քաղաքական 5 ուժեր:

Պատգամավորական 33 մանդատներից 16-ը ստացել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, 9-ը՝ «Միասնական հայրենիք», 3-ական՝ Արցախի «Արդարություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» ու 2-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները:

Արցախի խորհրդարանի Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը:

Այս մասին Արցախի ԱԺ նիստին հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահը:

Առաջադրվել էր Արթուր Թովմասյանի թեկնածությունը, փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցել է 33 պատգամավոր, կողմ է քվեարկել 29-ը, դեմ 4-ը: