Իտալիան հունիսից կբացի սահմանները ԵՄ երկրների համար՝ առանց մեկուսացման պահանջի
Իտալիան հունիսի 3-ից սահմանները կբացի Եվրամիության անդամ երկրների համար՝ առանց պարտադիր կարանտինի: Ինչպես տեղեկացնում է CNN-ը, երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի խոսքով՝ այդ որոշումն ուղղված է «տնտեսությունը վերականգնելուն»:
Մայիսի 13-ին Կոնտեն քննադատել էր ԵՄ-ի առաջարկն այսպես կոչված՝ «զբոսաշրջային միջանցքներ» սահմանելու վերաբերյալ, որի համաձայն՝ մարդիկ ճամփորդելու համար կարող էին ընտրել կորոնավիրուսից առավել քիչ տուժած երկրները:
Օրեր անց Կոնտեն նշել էր, որ եթե կորոնավիրուսի տարածման հետ կապված թվերը խրախուսող լինեն, Իտալիան կբացի սահմանները Շենգենյան գոտու համար, սակայն ճանապարհորդների համար պարտադիր կարանտինի պայմանով:
Պարտադիր կարանտինի հարցը քննարկվել է վերջին օրերին: «Մենք պետք է գնանք այդ ռիսկին, մենք չենք կարող կանգնել ու սպասել պատվաստանյութին»,- հինգշաբթի ասել է Կոնտեն՝ ելույթ ունենալով Իտալիայի խորհրդարանում:










