«Ամեն ինչ լավ է, դուրս եմ գրվել հիվանդանոցից». Պեսկովի կինը հայտնել է ապաքինվելու մասին, սակայն ամուսինն «ավելի դժվար է հաղթահարում» կորոնավիրուսը
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի կինը՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկան հայտնել է, որ ինքն ապաքինվել է կորոնավիրուսից և դուրս գրվել բուժհաստատությունից, իսկ ամուսինը շարունակում է բուժումը:
«Ամեն ինչ լավ է, դուրս եմ գրվել հիվանդանոցից, թեստի արդյունքը բացասական է»,- Նավկայի խոսքը մեջբերում է Gazeta.ru-ն: Մարզուհին հավելել է, որ Պեսկովը նույնպես ապաքինվում է, սակայն կորոնավիրուսն «ավելի դժվար է հաղթահարում»:
Հոսպիտալացումից երկու օր անց օլիմպիական չեմպիոնուհին իրեն արդեն լավ էր զգում և այլևս չէր ջերմում: Նա նույնիսկ հակաբիոտիկներ ընդունելու կարիք չի ունեցել:
Նավկան հայտնել է, որ վերջին ախտանշաններից մեկն իր մոտ հոտառության կորուստն է եղել:
Հիշեցնենք, որ ամուսինները հոսպիտալացվել են մայիսի 12-ին՝ կորոնավիրուսի ախտորոշմամբ:










