«ԱՀԿ-ն անհանգստացած է Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակով». ԱՀԿ ներկայացուցիչ

14:09 • 21.05.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անհանգստացած է Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակով, վտանգը դեռ չի անցել, հայտարարել է ՌԴ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Վտանգը չի անցել, ռիսկը չի անցել, ԱՀԿ-ն շատ անհանգստացած է այս իրավիճակով, որովհետև իրավիճակը ծանր է, մարդիկ գտնվում են կարանտինում: Մենք դա հասկանում ենք»,-հայտարարել է Վույնովիչը:

Միևնույն ժամանակ Վույնովիչն ընդգծել է, որ ԱՀԿ-ն չի որոշում, թե երբ չեղարկվեն սահմանափակումները, այլ յուրաքանչյուր երկիր անհատապես` ելնելով մահացության ցուցանիշից և առողջապահության ոլորտի ծանրաբեռնվածությունից:

Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 317 554  դեպք, վարակման հետևանքով մահացել է 3099 մարդ: