«Հեշտ չէ երկու ժամը մեկ դիմակը փոխել». քաղաքացիները՝ դիմակներ կրելու պարտադրանքի մասին (տեսանյութ)

17:32 • 21.05.20

Կորոնասվիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն․ այսպես սկսեց այսօրվա Կառավարության նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ արձանագրվել է վարակի 335 նոր դեպք, մահերի ընդհանուր թիվը՝ 70 -ն է: Իրավիճակը ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք: Պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել, որպեսզի ստիպած չլինենք գնալ ծայրահեղ սահմանափակումների»,- ասաց Փաշինյանը:

Tert.am-ը շրջայց կատարեց` պարզելու, թե որքանով են քաղաքացիները պահպանում անվտանգության կանոնները և ինչպես են գնահատում կառավարության քաղաքականությունը կորոնավիրուսի դեմ պայքարում:

Քաղաքացիներից շատերը նշում էին, որ դիմակները թանկ են և հնարավոր չէ 2 ժամը մեկ դիմակ փոխել: Այդ պատճառով պետք է հաշվի առնել բոլորի սոցիալական վիճակը և այլ ռազմավարություն մշակել:

Երևանի սրճարաններից մեկի մենեջերը նշում է, որ աշխատում են մայիսի 4-ից․ «Նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկել ենք, ախտահանում են բոլոր սեղանները, սանhանգույցները, պահպանում ենք հաճախորդների հեռավարությունը, սահմանափակումները խիստ պահպանում ենք»:

Դիտարկմանը՝ եղե՞լ է դեպք, որ հաճախորդին հետ ուղարկեք բարձրվ ջերմություն ունենալու պատճառով, նա նշեց՝ նման դեպք չի եղել:

Տաքսու վարորդը, ով երկար տարիներ է՝ աշխատում է, հաճախորդների թվի նվազում է նկատում: Նա նշում է, որ դիմակները թանկ են, և ոչ բոլոր վարորդները կարող են իրենց թույլ տալ դիմակը հաճախ փոխել.

«Տաքսու վարորդները օրական քիչ գումար են աշխատում, 4 դիմակը 1000 դրամ է անում, հեշտ չէ վերցնել, երկու ժամը մեկ նետել»:

Քաղաքացիներից մի մասն էլ ընդգծեց, որ դեռևս խուսափում են հանրային տրանսպորտից օգտվել, իսկ դիմակներն իրենց կարծիքով այդքան էլ արդյունավետ միջոց չեն վարակի դեմ պայքարում: