Թուրքիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

09:44 • 21.05.20

Մայիսի 20-ին Թուրքիայի Մուղլա նահանգի Քըսըրլար կոչվող վայրում՝ կարմիր սոճիների անտառում, խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:

Օդից և ցամաքից հրշեջների կատարած աշխատանքների շնորհիվ հրդեհը հնարավոր է եղել հսկողության տակ վերցնել բռնկումից միայն 5 ժամ հետո:

Մուղլայի Անտառային միության տնօրեն Յասին Յափրաքը ներկայացրել է հրդեհի հսկողության տակ վերցնելու աշխատանքների մանրամասները:

«Դեպքի վայր են ժամանել 32 մարտական հաշվարկ, 16 ջրատար մեքենա և 3 օդային հաշվարկ: Այստեղ խոնավությունը կազմել է 30%, քամու ուժգնությունը` ժամում 20 կիլոմետր: Հրդեհի համար ռիսկային պայմաններ են եղել»,-ասել է Յափրաքը:

Միլասից, Բոդրումից, Մարմարիսից, Ֆեթհիյեից, Իզմիրից և Դենիզլեից դեպքի վայր են ժամանել և հրդեհի դեմ պայքարում օգնել են անտառային տնտեսության ավելի քան 150 աշխատակից, գյուղացիներից և հասարակական կազմակերպություններից իրենց օգնությունն են առաջարկել  շուրջ 230 մարդ:

Վնասվել է ավելի քան 50 հեկտար անտառային տարածք: Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է: