Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի ամենաբարձր ցուցանիշը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ավարտին դեռ շատ ժամանակ կա՝ ընդգծելով, որ անցած չորեքշաբթի աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի ամենաբարձր ցուցանիշը:
Ինչպես նշում է The Guardian-ը, մեկ օրում աշխարհում գրանցվել է վարակման 106 000 նոր դեպք, ինչն առայսօր ամենամեծ ցուցանիշն է:
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում ելույթի ժամանակ նշել է, որ վարակն արագորեն տարածվում է աղքատ երկրներում, մինչդեռ ավելի հարուստ պետություններն աստիճանաբար դուրս են գալիս կարանտինային ռեժիմից:
Վարակման ցուցանիշն արագորեն աճում է Լատինական Ամերիկայում, հատկապես՝ Բրազիլիայում, ինչպես նաև Ռուսաստանում:
Աշխարհում վարակվածների թվով առաջատար են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Բրազիլիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 5 092 034 է, մահացել է 329 768 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










