Զելենսկին ու նրա կինն ասեղնագործ վերնաշապիկներ են ուղարկել մի շարք երկրների ղեկավարներին՝ այդ թվում Թուրքիայի նախագահին (լուսանկար)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա կինն Ասեղնագործության օրվա կապակցությամբ ասեղնագործ վերնաշապիկներ են նվիրել մի քանի պետությունների ղեկավարներին: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով նախագահի գրասենյակին:
«Ասեղնագործության օրվա կապակցությամբ նախագահն ու առաջին տիկինը աշխարհի պետությունների առաջնորդներին ավանդական ուկրաինական ասեղնագործ վերնաշապիկներ են նվիրել: Խորհրդանշական նվերները, որոնք իրենց մեջ կրում են Ուկրաինայի պատմության ու մշակույթի մի մասը, ստացել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Լեհաստանի, Թուրքիայի և այլ երկրների ղեկավարներն ու առաջին տիկնայք»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նվերներն ուղեկցող նամակում Վլադիմիր և Ելենա Զելենսկիները գրել են, որ մայիսի 21-ին Ուկրաինայում նշվում է ասեղնագործության օրը` տոն, որն ուղղված է «պահպանելու և հարգելու մեր ժողովրդի հին ավանդույթները»:
«Ասեղնագործությունը մեր էթնոսի յուրահատուկ կոդն է` ծածկագրված զարդանախշերով և խորհրդանիշներով: Անկեղծ սրտով ուզում ենք ձեզ հետ կիսել ուկրաինական պատմության և ինքնության մի մասնիկը», - գրել են նրանք նամակում:
Ուկրաինայում ասեղնագործության օրը նշվում է մայիս ամսվա երրորդ հինգշաբթի օրը, այս տարի այն նշվում է մայիսի 21-ին:











