Խաշոգջիի զավակները հայտնել են, որ ներել են հոր մարդասպաններին
2018 թվականին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի ընտանիքի անդամները հայտարարել են, որ ներել են մարդասպաններին: Այս մասին տեղեկացնում է Arab news-ը:
«Մենք՝ նահատակված Ջամալ Խաշոգջիի զավակներս, հայտարարում ենք, որ ներում ենք նրանց, ովքեր սպանել են մեր հորը»,-իր թվիթերյան էջում գրել է լրագրողի որդի Սալահը:
2019 թվականի դեկտեմբերին Սաուդյան Արաբիայում Խաշոգջիի մահվան համար մեղադրվող 5 անձանց դատապարտել են մահապատժի, սպանության ևս երեք մասնակից դատապարտվել է 24 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Խաշոգջին աշխատում էր The Washington Post թերթում և 2017թ-ից ի վեր ապրում էր ԱՄՆ-ում: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին նա Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետ կորել էր: Հյուպատոսարանից հայտնել էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:
Հետաքննության արդյունքում Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ լրագրողին դիտավորյալ խեղդամահ են արել, իսկ մարմինն անդամահատել ու ոչնչացրել են:










