Ջերմոցը հիմնել եմ, ամսական 800,000 դրամ եմ աշխատում, բայց բանկերը վարկ չեն տալիս, որ սերմ առնեմ. գյուղացին՝ վարչապետին

15:57 • 23.05.20

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզում կատարած շրջայցի ընթացքում նրան մոտեցավ մի քաղաքացի ու ներկայացրեց, որ գյուղատնտեսական աշխատանքների համար բանկերը վարկ չեն տրամադրում, ինչը խնդիրներ է առաջացրել:

«1000 քմ ջերմոց եմ սարքում, վարկ չեն տալիս, գնացել եմ տարբեր բանկեր: Ինձ հիմա սերմի փող է պետք, դիմում եմ բանկին, ասում է՝ ծանրաբեռնված է: Ես պետական աշխատող չեմ, բայց աշխատում եմ ամսական 800 000 դրամ գումար, բանկում խնդրում եմ, որ ինձ փող տան, ընկել եմ 150 000 դրամ եմ ուզում ճարել, որ սերմ առնեմ»,- ասաց նա՝ նշելով, թե 5 միլիոն դրամ վարկ է վերցրել աշնանը, ջերմոցներ հիմնել, և ամսական վճարումները 150 000 դրամ են կազմում:

Վարչապետն արձագանքեց՝ երբ այդ գործը սկսել է, բանկին բիզնես-պլան չի՞ ներկայացրել, թե որ ժամանակահատվածում իրեն որքան ներդրում է անհրաժեշտ լինելու, քաղաքացին էլ արձագանքեց, թե պլան կազմել է, սակայն միևնույն է, մերժվում է: