Տանս վրա հարձակվողներից մեկը հայտնի թմրավաճառ է, մյուսներն էլ իր նման ոչնչություններ էին, եթե չլիներ ոստիկանությունը, ես հիմա ճաղերի հետևում կլինեի. Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)
Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, կարծես թե սկզբում կենցաղային բնույթ էր կրում հարցը, բայց իրականում դա այդպես չէ: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպին: Նշենք, որ երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ հարձակվել են Տիգրան Աթանեսյանի տան վրա, վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա ընտանիքի հասցեին:
«Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, կարծես թե սկզբում կենցաղային բնույթ էր կրում, բայց այդպես չէ: Իմ տան անմիջապես կողքին գտնվում է Քանաքեռի հին կինոթատրոնը, ներկայումս ձայնագրման ստուդիա է, այդտեղ կա փոքրիկ մանկական հրապարակ, երեխաներս միշտ գնում խաղում են: Սակայն տիրոջ որդին, որը 40 տարեկան է, պահանջում է, ասում է՝ երեխաներս այդտեղ իրավունք չունեն այլևս խաղալու»,- պատմեց նա:
Աթանեսյանի խոսքով՝ այդ անձի հետ ինքը որևէ հարաբերություն չունի: Շարունակելով ներկայացնել դեպքը՝ Աթանեսյանը նշեց, որ իր տունը և այդ հիմնարկը բաժանող ճաղավանդակ կա. «Երկորդ օրը նրանք որոշում են ամբողջությամբ պատնեշով փակել այդ ճաղավանդակները, կինս զանգում է, ասում եմ՝ թող փակեն, ուշադրություն մի դարձրու: Այդ ընթացքում, տեսնելով, որ սադրանքին չենք տրվում, 7 տարեկան տղայիս, որ առաջին հարկի պատուհանից նայում է, թե ինչ են անում, սկսում են հայհոյել ամենավերջին սեռական հայհոյանքներով: Հասուն մարդիկ են, 40 տարեկանն ամենաերիտասարդն է: Ուզում են խփել պատուհանիս, կինս վազում է դուրս, 5-6 րոպե ամենաստոր հայհոյանքները կնոջս հասցեին հնչեցնում են, երեխեքս բոլորը տանը, փակվում են տանը»,- ասաց նա:
Աթանեսյանի խոսքով՝ նրանք հարձակվել են տան վրա, ասել՝ քանդելու են տունը ու նշում են իր՝ փաստաբան լինելու հանգամանքը: «Կինս զանգում է ինձ, ես շտապ հասնում եմ տուն, հասկանում եմ, որ սադրանք է: Տան վրա հարձակվելը չունի արդարացում, նույնիսկ եթե ինձ հետ խնդիր ունենային այդ մարդիկ, սակայն էլի եմ ասում որևէ խնդիր չկա: Ես զանգել եմ ոստիկանություն, և նրանք հետս հավասար հասել են մեր տուն, միջադեպը շարունակվել է արդեն ինձ հետ: Հարձակվում են ինձ վրա, և եթե չլիներ ոստիկանությունը, ես այսօր երևի ճաղերի հետևում կլինեի, որովհետև չգիտեի՝ ինչով կավարտվեր այդ ամենը այդ հայհոյանքներից հետո: Մեկը հայտնի թմրանյութ վաճառող էր, ու իր նման ոչնչությյուններ էին մնացածը»,- ասաց նա:










