ՀՔԾ-ն մերժել է ԱԺ ծեծկռտուքի դեպքով քրեական գործի հարուցումը՝ հանցակազմ չլինելու հիմքով

13:53 • 23.05.20

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ԱԺ-ում մարտի 8-ին տեղի ունեցած   ծեծկռտուքի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով»,-ասաց Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ   Ազգային ժողովում պատգամավորների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը:

Էդմոն Մարուքյանն իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքոայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները: 

ՀՔԾ-ն ավելի ուշ հանդես է եկել պարզաբանմամբ, որում ասվում է. 

«ՀՀ Ազգային ժողովում 08.05.2020թ.-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ԱՐԴ/0176/01/11 գործով դեռևս 2012 թվականին ընդունած նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել  այն մասին, որ ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելով, որպիսի պայմաններում մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ և հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության: Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները, հանգել է իրավաչափ եզրահանգման այն մասին, որ ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ կամ որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Որոշումը սահմանված կարգով ուղարկվել է կողմերին, որոնց պարզաբանվել է այն բողոքարկելու իրենց  իրավունքը»: