Գյումրիում ուժեղ քամուց ծառեր են ընկել, վնասվել են էլեկտրական մալուխներ
Մայիսի 22-ին, ժամը 19։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լազոյի փողոցի թիվ 8 հասցեի մոտակայքում ուժեղ քամուց ծառը պոկվել և ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով վնասվել են էլեկտրական մալուխներ։
Փրկարարները մասնատել են ընկած ծառը (մոտ 50 սմ տրամագծի) և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Մայիսի 22-ին, ժամը 19։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 14 տան մոտ ուժեղ քամուց վնասվել է մեկ ծառ և թեքվել է մեկ էլեկտրական սյուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մոտ 10 մ բարձրությամբ ծառը պոկվել և ընկել է, որի մի մասը հայտնվել է ավտոտնակի տանիքին:
Փրկարարները մասնատել են վնասված ծառը և հեռացրել ավտոտնակի տանիքից։










