Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների հիշատակին 10-օրյա սուգ կհայտարարվի
Իսպանիայի կառավարությունը երկրում տասնօրյա համազգային սուգ կհայտարարի կորոնավիրուսի համավարակի ընթացքում զոհվածների հիշատակի համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը:
«Երեքշաբթի օրվանից կառավարությունը կհաստատի ողջ Իսպանիայի տարածքում պաշտոնական սուգ հայտարարելու մասին որոշումը՝ ի հիշատակ համավարակի զոհերի: Սուգը կտևի տասը օր: Դա ամենաերկար պաշտոնական սուգը կլինի մեր ժողովրդավարական պատմության մեջ»,- մասնավորեցրել է վարչապետը:
«Ինչ վերաբերում է բարձր պատրաստականության ռեժիմի հերթական երկարաձգմանը, մենք ուսումնասիրում ենք այդ հավանականությունը, քանի որ դա մեր պարտականությունն է»,- հավելել է Սանչեսը:
Հիշեցնենք, որ բարձր պատրաստականության ռեժիմը երկարաձգվել է մինչև հունիսի 7-ը:
Համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացել է 28.628 մարդ, վարակվել՝ 281.904-ը: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 56.318 մարդ:










