Ստյոպա Սաֆարյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից հայտնի կանանց նկատմամբ հայտնի գրառումները բացարձակ նույն արատավոր հատկանիշներն ունեն, պարզապես տարբերվում էին արտահայտման բառամթերքով. Արսեն Բաբայան

12:44 • 24.05.20

Իրավապաշտպան, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի և ֆեյսբուքյան օգտատեր Արտյոմ Խաչատրյանի կողմից սոցիալական ցանցերում վերջերս կանանց թրիախավորելուն և կանանց նկատմամբ ֆեյսբուքյան վիրավորանքներ ու առերևույթ սպառնալիքներ պարունակող գրառումներին: Արսեն Բաբայանի գրառումը՝ ստորև.

«Ստյոպա Սաֆարյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից հայտնի կանանց նկատմամբ հայտնի գրառումները, իմ համոզմամբ, բացարձակ նույն արատավոր հատկանիշներն ունեն, պարզապես տարբերվում էին արտահայտման բառամթերքով:

Ակնհայտ է, որ երկուսն էլ նույն հակաբարոյական եղանակով թիրախավորել են կանանց և այդ կանանց նկատմամբ հնչեցված վիրավորանքները և առերևույթ սպառնալիքների ծավալները չեն տարբերվում: Այսպիսի հայտնի հանգամանքներում ոստիկանությունը զբաղվում է միայն Արտյոմ Խաչատրյանով, և նույն իրավիճակի պայմաններում բացարձակ անգործություն է ցուցաբերում Ստյոպա Սաֆարյանի մասով: Համաձայն մամուլի հրապարակումների Արտյոմը կանչվել է ոստիկանություն և բացատրություններ է տվել:

Երկակի ստանդարտների այսօրինակ գռեհիկ և բացահայտ կիրառումը հիմք է տալիս մտածելու, որ Ստյոպան գտնվում է իշխանության հովանավորության ներքո և գործել է նույն իշխանության ուղղորդմամբ»:

Հիշեցնենք, որ Արտյոմ Խաչատրյանը վիրավորական գրառում էր արել Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանիևազյանի հասցեին, որին անդրադարձել էր նաև ՄԻՊ-ը: 

Դատախազությունը Տաթևիկ Ռևազյանի հասցեին Արտյոմ Խաչատրյանի գրառումն ուսումնասիրելու և հետագա ընթացքի համար այն ուղարկել էր ոստիկանություն։ Tert.am֊ի հարցին ի պատասխան  ոստիկանությունից ասել էին. «Ձեր նշած անձը բերվել է ոստիկանություն նախապատրաստվող նյութերի շրջանակում, բացատրություն է ներկայացրել և գնացել»,-հայտնեցին ոստիկանությունից։