Ըստ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի՝ իրեն հեծանվով վրաերթի ենթարկելու համար կալանավորված անձն ազատ է արձակվել. պաշտպան

22:31 • 26.05.20

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի համաձայն իրեն հեծանվով վրաերթի ենթարկելու համար կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Արթուր Ալեքսանյանն ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանի պաշտպան Էմին Բեգլարյանը։

«Մի երկու ժամ առաջ վերաքննիչ դատարանը բավարարել է մեր բողոքն ամբողջությամբ և բեկանել է Արթուր Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի որոշումը: Նա արդեն ազատության մեջ է»,-ասաց պաշտպանը և նշեց, որ սպասելի էր իրենց համար այս որոշումը, քանի որ գտնում էին, որ առաջին ատյանի դատական ակտն անհիմն է:

Հիշեցնենք, որ 2020թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով, 2020թ. ապրիլի 11-ին՝ժամը 17:10-ի սահմաններում, անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել էր բռնություն գործադրելու սպառնալիք:

2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանություն Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Քրեական գործով որոշում էր կայացվել Նիկոլայ Բաղդասարյանին տուժող ճանաչելու մասին:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ ծնված 1980թ.: Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: