Արդյոք այս տարի կապիտալ ծախսերի չիրականացումը կդիտարկե՞ք որպես կառավարության ամենամեծ ձախողումներից մեկը. Արկադի Խաչատրյանը՝ կառավարությանը (տեսանյութ)
Բազմիցս ենք խոսել այն մասին, որ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական անկումը մեղմելու և տնտեսական աճի պոտենցիալը բարձրացնելու նպատակով մեզ օդի և ջրի պես անհրաժեշտ են ներդրումներ և կապիտալ ծախսեր: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
«Ստեղծված իրավիճակում ակնկալել ուղղակի ներդրումներ չափազանց դժվար է, հետևաբար մեր հիմնական հույսը մնում են կապիտալ ծախսերը: Ինչպե՞ս ենք պատրաստվում կատարել այս տարի կապիտալ ծախսերի իրականացումն ամբողջ ծավալով, ի՞նչ է արվել մինչ այս պահն այդ կարողություններն ավելացնելու ուղղութամբ և արդյոք այս տարի կապիտալ ծախսերի չիրականցումը կդիտարկե՞ք որպես կառավարության ամենամեծ ձախողումներից մեկը, որովհետև այս պահին դրանց չկատարումը, դրանց տնտեսական գինը չափազանց բարձր է»,- ասաց պատգամավորը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով պատգամավորին, նշեց, որ բազմիցս առիթ ունեցել է այս ամբիոնից խոսել կապիտալ շինարարությանն ուղղված աշխատանքների մասին: «Մեր կողմից պետական միջոցներով իրականացվող կապիտալ շինարարության հատվածը հիմնականում բաժին է ընկնում ճանապարհաշինարարությունը: Այս փուլում 90 տոկոսով ավարտված են բոլոր մրցույթները, ունենք բոլոր ուղղություններով հաղթողներ, մասնակիցները կան: Մայիս ամսին խոսել ձախողման մասին և հարց հնչեցնել՝ արդյոք դուք դա կհամարեք ձախողում, ասեմ՝ ոչ, մենք չենք պատրաստվում ձախողվել: Կապիտալ շինարարությունն ամեն գնով, ամեն կերպ մեր կողմից շարունակվելու է, ամեն ինչ արվելու է, որ իրականացվի հավուր պատշաճի»,- ասաց Պապիկյանը:
Արկադի Խաչատրյանն էլ նշեց, որ իր հարցն առավելապես վերաբերում էր ձեռնարկվող աշխատանքներին։ Ըստ պատգմավորի՝ արտակարգ դրության պայմաններոմ տենդեռները պետք է իրականացվեն չափազանց արագ: «Իհարկե, կլինեն ռիսկեր անարդյունավետ ծախսերի, ավելի բարձր գնի կամ անորակ աշխատանքի, այդ ռիսկերի հետ գործ ունենալու ենք, սակայն դրա տնտեսական հետևանքն այնքան մեծ չի կարող լինել, որքան կապիտալ ծախսերի չիրականացումը»,- նշեց պատգամավորը։










