Կապիտոլիումի ոստիկանության ներկայացուցիչները ծնկի են իջել Ջորջ Ֆլոյդի սպանության հարցում արդարության պահանջով անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ

22:13 • 03.06.20

ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանության ներկայացուցիչները ծնկի են իջել մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվող բողոքի լուռ ակցիայի ժամանակ:

Ինչպես հաղորդում է CNN-ը, ոստիկաններից առնվազն երեքը ծնկի են իջել, որոնցից երկուսը սևամորթ էին, մեկը՝ սպիտակամորթ: Ավելի վաղ ցուցարարները վանկարկում էին «ծնկի իջիր»՝ ցույց տալու համար իրենց մտահոգությունը ոստիկանության դաժանության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Կապիտոլիումի մոտ, ինչպես նաև այլ շրջաններում և ամերիկյան այլ քաղաքներում տեղի ունեցող ցույցերի մասնակիցներն արդարություն են պահանջում Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանության հարցում: Վերջինս մայիսի 25-ին սպանվել է Մինեապոլիսի նախկին ոստիկան Դերեկ Չաուվինի կողմից, որը ծնկով սեղմած է պահել Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով շնչել չկարողնաալու մասին բղավոցն ու աղաչանքները: Չաուվինին սպանության մեղադրանք է առաջադրվել, նրան տեղափոխել են խիստ ռեժիմի կալանավայր:

Ֆլոյդի ընտանիքի իրավապաշտպան Բենջամին Քրամփը հայտարարել է, որ ակնկալում է, որ դեպքի վայրում գտնված մյուս երեք ոստիկանները ևս պատժվեն տղամարդու սպանության համար: