Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո չդադարող բողոքի ցույցերի ֆոնին՝ այս գիշեր կրկին պարետային ժամ է սահմանվում Վաշինգտոնում և մի շարք այլ քաղաքներում
Վաշինգտոնում որոշում է կայացվել պարետային ժամ սահմանել 23:00-ից մինչև հինգշաբթի 06:00-ն: Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ նախօրեին սահմանված պարետային ժամը խախտելու համար ԱՄՆ մայրաքաղաքում 19 մարդ է բերման ենթարկվել:
Անցյալ գիշեր Վաշինգտոնում 5-րդ օրն անընմեջ բողոքի ցույց է կայացել Վաշինգտոնում՝ «Սևամորթի կյանքը կարևոր է» կարգախոսի ներքո: Խաղաղ ցույցի մասնակիցների թիվը գերազանցել է 5000-ը:
Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը հայտարարել է, որ իշխանությունները թույլ են տվել խաղաղ ցույցերի անցկացումը: Վերջինս հավելել է, որ քաղաքային իշխանությունները քննարկում են նախագահ Թրամփի ցանկացած հայտարարություն զորքեր և ազգային գվարդիա Կոլումբիայի շրջան ուղարկելու մասին:
Հաղորդվում է նաև, որ պարետային ժամը 4-րդ օրն անընդմեջ շարունակվում է Լոս Անջելեսում: Պարետային ժամն այս գիշեր կգործի նաև Սանտա Մոնիտակում, Բևեռլի Հիլզում, Սան Ֆրանցիսկոյում, Օքլենդում, Սոլանո շրջանում:
Հիշեցնենք, որ ամերիկյան բազմաթիվ քաղաքներում օրեր շարունակ չեն դադարում բողոքի ցույցերը՝ կապված ոստիկանի կողմից Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտի սպանության հետ: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ին Մինեապոլիսում: Ձերբակալության ժամանակ ոստիկանը ծնկով սեղմած է պահել տղամարդու պարանոցը, ինչի հետևանքով վերջինս խեղդամահ է եղել:










