Բրազիլիայում թույլատրել են կորոնավիրուսի դեմ բրիտանական պատվաստանյութի փորձարկումը կամավորների վրա

23:59 • 03.06.20

Բրազիլիայի Առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող Anvisa ազգային գործակալությունը թույլատրել է Բրիտանիայում մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներն սկսել կամավորների վրա:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Anvisa-ից տեղեկացրել են, որ պատվաստանյութը ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի մասնագետների կողմից: Այն փորձարկելու մասին հայտը ներկայացրել է Astrazeneca անգլո-շվեդական դեղագործական ընկերության բրազիլական բաժանմունքը:

ChAdOx1 nCov-19 անվանումն ստացած պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումները կենդանիների վրա, ինչպես նաև կլինիկական փորձարկումների առաջին փուլը մարդկանց վրա անցկացվել են Անգլիայում: Արդյունքները վկայում են, որ այն անվտանգ է:

Բրազիլիան կորոնավիրուսով վարակման ցուցանիշով երկրորդ երկիրն է ողջ աշխարհում՝ ավելի քան 560 հազար դեպքով: Մահացության ցուցանիշը հարավամերիկյան երկրում գերազանցել է 30 000-ը: