Շինարարությունն ապօրինի չէ, տարածքն էլ ծառայեցվելու է հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացմանը. պարզաբանում Տպագրիչների փողոցի շինարարության մասին

15:14 • 04.06.20

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի կենտրոնում թույլ է տվել անել մի շինարարություն, որն աղավաղում է շենքի արտաքին տեսքը: Դավիթ Խաժակյանի ուղիղ հեռարձակումը, որի ժամանակ վերջինս նաև փաստեր էր ներկայացնում ասվածի վերաբերյալ, վերահեռարձակվել է նաև Tert.am-ում, ինչին ի պատասխան խմբագրությունը պարզաբանում է ստացել «Կապելային հեռուստաընկերության համակարգերի հանրային կենտրոն» ՍՊԸ-ի լիազորված անձ Շուշանիկ Արևշատյանից, ում թույլատրվել է այդ հասցեում՝ շենքի կիսանկուղային հարկում, գլխավոր ճակատից մուտքի կազմակերպման աշխատանքներ իրականացնել։

Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.


««Tert.am»-ի հարգելի խմբագրություն,

Ձեր լրահոսում այսօր տեղ է գտել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ «Թավշյա ապօրինաշինություն» խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերի վերաբերյալ նյութ, որում «փաստերը» ներկայացված են խեղաթյուրումներով, այդ թվում՝ շենքի կառուցման տարեթվի վերաբերյալ տեղեկությունը, վերակառուցվող շինության հասցեն և այլն։ Բնակելի շենքը, ինչպես նշում է հարգարժան ավագանին, ոչ թե կառուցվել է 1935-ական թթ-ին, այլ՝ 1960-ականներին, այն գտնվում է ոչ թե Խանջյան փողոցում, այլ՝ Տպագրիչներ փողոցում, թիվ 13 շենքն է։Դավիթ Խաժակյանի այն պնդումը, թե տվյալ հասցեում իրականացվող շինաշխատանքն ապօրինի է՝ չի համապատասխանում իրականությանը․ շենքի հետազոտության և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով տրվել է եզրակացություն, համաձայն որի՝ «Կապելային հեռուստաընկերության համակարգերի հանրային կենտրոն» ՍՊԸ-ի լիազորված անձ Շուշանիկ Արևշատյանին թույլատրվել է այդ հասցեում՝ շենքի կիսանկուղային հարկում, գլխավոր ճակատից մուտքի կազմակերպման աշխատանքներ իրականացնել։Ի հավելումն նշենք, որ տարածքը՝ անվճար հիմունքներով, ծառայեցվելու է հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացմանը։ Մուտքը դեպքի կիսանկուղային հարկ նախագծվել է գլխավոր ճակատից՝ հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը թեքահարթակի միջոցով ապահովելու համար:

Հարգանքով՝ Շուշանիկ Արևշատյան»: