«Դուք կարևոր եք, ձեր կյանքը կարևոր է, ձեր երազանքները կարևոր են»․ Օբաման պաշտպանել է ԱՄՆ-ում բողոքի ցույցերը (տեսանյութ)
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պաշտպանել է ԱՄՆ-ում անցկացվող բողոքի ակցիաները և դիմել է քաղաքապետերին՝ իրավապահ համակարգը բարեփոխելու կոչով: Համապատասխան հայտարարությունը նա արել է The Guardian-ի՝ թեմային նվիրված առցանց զրույցի ժամանակ։
«Վերջին շաբաթներն ինչ-որ առումով ողբերգական, ծանր, սարսափելի և անորոշ էին, բայց միևնույն ժամանակ դրանք հիանալի հնարավորություն էին սթափվելու համար»,- ասել է Օբաման:
Նախագահը հավելել է, որ այդ զարթոնքը «հնարավորություն է տալիս բոլորին միասին պայքարել, փոխել Ամերիկան»։
Բացի այդ, Օբաման ընդգծել է, որ պատմության ընթացքում ԱՄՆ-ում մի շարք փոփոխություններ և առաջընթացներ են արձանագրվել հենց ցույցերի շնորհիվ։
«Այս երկրում առաջընթացի յուրաքանչյուր քայլ, ազատության յուրաքանչյուր ընդլայնում հնարավոր է եղել ջանքերի շնորհիվ»,-հավելել է նախկին նախագահը:
«Ես ուզում եմ, որ իմանաք, որ դուք կարևոր եք, ձեր կյանքը կարևոր է, ձեր երազանքները կարևոր են», -սևամորթ համայնքին դիմելով՝ ասել է ԱՄՆ նախկին նախագահը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար:










