ԱՄՆ-ն արգելել է չինական ավիաընկերությունների թռիչքները
Ամերիկյան վարչակազմը հունիսի 16-ից չինական ավիաընկերությունների համար արգելք է սահմանում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ուղևորափոխադրումների իրականացման համար: Այս մասին ասվում է ԱՄՆ Տրանսպորտի նախարարության հրամանագրում, գրում է CNN-ը։
Արգելքը կարող է ուժի մեջ մտնել նաև նախքան հունիսի 16-ը, եթե նախագահ Դոնալդ Թրամփը համապատասխան որոշում կայացնի:
Այս քայլը կանդրադառնա յոթ ավիաընկերությունների վրա, որոնց թվում են Air China-ն, China Eastern Airlines-ը, China Southern Airlines-ը և Hainan Airlines-ը:
Ինչպես պարզաբանել են ԱՄՆ-ի Տրանսպորտի նախարարությունում, արգելքը մտցվում է այն պատճառով, որ Չինաստանի իշխանությունները «ամերիկյան ավիափոխադրողներին թույլ չեն տվել ամբողջությամբ օգտվել դեպի Չինաստան և Չինաստանից ԱՄՆ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրենց երկկողմ իրավունքից», մինչդեռ չինական ընկերությունները շարունակում են ավիափոխադրումները:
Ընդ որում՝ ամերիկյան գերատեսչությունում ընդգծել են, որ Վաշինգտոնը պատրաստ կլինի վերանայել իր որոշումն այն դեպքում, եթե չինական իշխանությունները «ճշտեն իրենց գործողությունները» իրավիճակի բարելավման համար:










