«Դա կախված է իրավիճակից». Թրամփը խոսել է երկրում բողոքի ակցիաները բանակի միջոցով ճնշելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկրում բողոքի ակցիաները ճնշելու համար բանակը ներգրավելու անհրաժեշտություն չի լինի։ Այս մասին նա հայտարարել է հունիսի 3-ին Newsmax TV հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է The New York Times-ը։
«Դա կախված է իրավիճակից։ Չեմ կարծում, որ մենք ստիպված կլինենք այդ քայլին գնալ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Ընդ որում՝ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը չեղյալ է հայտարարել Վաշինգտոնի մերձակա շրջան ուղարկված զինծառայողների տեղակայման մասին որոշումը:
Ծրագրերը փոխվել են Պենտագոնում ներքին բանակցություններից և Սպիտակ տանը կայացած հանդիպմանը Էսպերի մասնակցությունից հետո:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Կոլումբիայի շրջան էր ժամանել մոտավորապես 1,3 հազար զինվորական՝ կարգուկանոնի պահպանման հարցում հնարավոր օգնության համար: Նրանք հիմնականում գտնվում էին Վաշինգտոնի մոտակայքում գտնվող բազաներում։
Երկրի մայրաքաղաք և նրա արվարձաններ է ուղարկվել նաև ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի մոտ 1,7 հազար զինվորական՝ Ինդիանա, Թենեսի և Հարավային Կարոլինա նահանգներից:
Ավելի վաղ Թրամփն ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված ցույցերն անվանել էր ներքին ահաբեկչություն և սպառնացել բանակ մտցնել այն նահանգներ, որտեղ իշխանությունները կհրաժարվեն Ազգային գվարդիայի կիրառումից։










