Չինաստանում տարրական դպրոցի վրա կատարված հարձակումը՝ ֆոտոշարով և տեսաշարով (տեսանյութ, լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել այսօր առավոտյան Չինաստանի հարավային Գուանսի Չժոունի ինքնավար շրջանի Ուչժոու քաղաքում տարրական դպրոցներից մեկի վրա կատարված հարձակումից, որի հետևանքով առնվազն 40 մարդ է վիրավորվել: Հարձակվողը դպրոցի անվտանգության աշխատակիցներից 50-ամյա Լի Սյամինն է եղել:
Բոլոր տուժած աշխատակիցներն ու աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց: Անվտանգության աշխատակիցներից մեկն ու դպրոցի տնօրենը հիվանդանոց են տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, տուժել է նաև առնվազն 37 աշակերտ, որոնցից 1-ի վիճակը նույնպես ծանր է գնահատվում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Չինաստանի հարավային Գուանսի Չժոունի ինքնավար շրջանում տղամարդը դանակով հարձակվել է տարրական դպրոցի աշակերտների և աշխատակիցների վրա, ինչի հետևանքով առնվազն 40 մարդ է տուժել: Հարձակումը տեղի է ունեցել հունիսի 4-ին՝ քաղաքի տարրական դպրոցներից մեկում:













