Ավելի քան 3 մլրդ դոլար. Չինաստանի «պատվաստանյութերի կայսրն» ամուսնալուծվել է՝ նախկին կնոջը մեկ օրում դարձնելով միլիարդատիրուհի

13:04 • 04.06.20

Չինական Shenzhen Kangtai Biological Products Co. կենսատեխնիկական ընկերության սեփականատեր, միլիարդատեր Դու Վեյմինն ամուսնալուծվել է, ինչի արդյունքում նրա արդեն նախկին կինը՝ Յուան Լիպինը, մեկ օրում դարձել է աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, Չինաստանի «պատվաստանյութերի կայսեր» (այսպես են անվանում 56-ամյա Վեյմինին) և Լիպինի ամուսնալուծությունը համարվում է աշխարհում «ամենաթանկարժեքներից» մեկը: Դրա արդյունքում 49-ամյա կինը նախկին ամուսնուց ստացել է 3,25 մլրդ դոլարի արժեթուղթ:

Հայտնի է, որ Դու Վեյմինի կարողությունը գնահատվում է 6,63 մլրդ դոլար: Ամուսնալուծության արդյունքում նա ստիպված է եղել կարողության գրեթե կեսը տալ Լիպինին: Ընդհանուր առմամբ, միլիարդատերը նախկին կնոջը Shenzhen Kangtai Biological Products Co. ընկերության 161,3 մլն արժեթուղթ է փոխանցել:

Նշենք, որ առայժմ աշխարհում գրանցված «ամենաթանկարժեք» ամուսնալուծությունը Ջեֆ և Մըքքենզի Բեզոսներին է, ինչի արդյունքում միլիարդատիրոջ նախկին կինը ստացել է 35 մլրդ դոլար: