Մինչև երկրորդ տիպի կորոնավիրուսի ի հայտ գալը, ենթադրվում էր՝ Կավասակին կարող է այս կամ այն աստիճանի կորոնավիրուսի հետ կապված լինել. գլխավոր մանկաբույժը պարզաբանում է
Երեկ հայտնի դարձավ, որ ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք՝ 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն:
Tert.am-ը ՀՀ գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանից խնդրեց պարզաբանել՝ ինչ է կավասակիի սինդրոմը, որոնք են դրա վտանգները:
Գլխավոր մանկաբույժը տեղեկացրեց, որ կավասակիի հիվանդության պատճառագիտությունը դեռևս հայտնի չէ և պարզ է, որ այն առնչվում է իմուն համակարգի և անոթների հետ, այսպես կոչված, միջին զարկերակների վասկուլիտ է և հանդիպում է գլխավորապես երեխաների մոտ: Սարգսյանն ընդգծեց՝ կավասակիի սինդրոմը հայտնի է բավականին վաղուց, այնպես չէ, որ կապվում է COVID-ի հետ․ այն հայտնաբերվել է ճապոնացի հետազոտողների կողմից:
«Այն ախտահարում է անոթները, իր արտահայտությունները շարունակական են: Ուղեկցվում է բուժման դժվար ենթարկվող տենդով, թուլությամբ, երբեմն փորացավերով, աչքի լորձաթաղանթի բորբոքումով: Բնորոշ է բերանի ախտահարումը, կարող է լինել մորենման լեզու, կարմրում է կոկորդը, շրթունքները չորանում են: Լինում է նաև ցան, զարգանում են այտուցներ ձեռքերի և ոտքերի շրջանում, այնուհետ դրանք կրող են իջնել և հետագայում կնկատվի այդ հատվածներում, օրինակ, մատների, թեփոտում, և նաև ավշային հանգույցների մեծացում, սովորաբար պարանոցի շրջանում»,- ասաց նա:
Ըստ գլխավոր մանկաբույժի՝ հիվանդությունն այլ նշաններ ևս ունի: «Օրինակ՝ կարող են լինել փսխումներ, հիմնական բարդությունը սրտի անոթների բորբոքումն է, որը կարող է որոշակի հետևանքներ ունենալ, սակայն այն լինում է ոչ բոլոր հիվանդների մոտ, բայց անհնար է ասել, կլինի՞, թե՝ ոչ»,- բացատրեց նա:
Նա նշեց, որ այն բավականին հայտնի հիվանդություն է, կան ենթադրություններ նրա հետ կապված, որ այլ տեսակի կորոնավիրուս է. «Ինձ համար այնքան էլ զարմանալի չեղավ, որ մոտ մեկ ամիս առաջ հայտնվեցին հաղորդագրություններ ամերիկյան, եվրոպական, չինական բժշկական աղբյուրներից, որ նման դեպքեր են նկատվել: Ելնելով այդ հաղորդագրութուններից՝ Առողջապահության նախարարությունը հիվանդության վերաբերյալ առաջինը զգուշացրեց երեխաների հետ աշխատող բժիշկներին, որ այն կարող է զարգանալ, ապա ձեռնամուխ եղավ դրա բուժման համար անհրաժեշտ բավականին թանկարժեք իմունոգլոբուլինային դեղամիջոցի ձեռք բերմանը, որ լինի տրամադրության տակ, որպեսզի, եթե նման երեխա լինի, կարողանա անվճար ստանալ»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանում արձանագրված Կավասակիի սինդրոմով երեխային, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել, Սերգեյ Սարգսյանը նշեց, որ դեպքը եղել է մեկ այլ կլինիկայում, ապա երեխան տեղափոխվել է այլ կլինիկա, որը զբաղվում է առավել բարդացված ուղեկցող հիվանդություններով կորոնավիրուսի դեպքերով:
«Այնտեղ ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն, այնուհետ, երբ նշանները ավելի ակնհայտ են դարձել, երեխան տեղափոխվել է և սկսել ստանալ համապատասխան բուժումը»,- ասաց նա:
Խոսելով երեխայի առողջական վիճակին, մանկաբույժն ասաց, որ ընթացքը հետագայում կերևա: «Ընդհանուր իրավիճակը համապատասխանում է իր հիվանդաությանը և շատ ծանր չէ»,- նշեց նա:
Ճշտող հարցին՝ կարո՞ղ ենք համարել, որ Կավասակիի սինդրոմը COVID-ի տեսակ է, նա նշեց, որ այն առանձին հիվանդություն է և Հայաստանում, ընդհանուր առմամբ, եղել է 50 նկարագրություն: «Ինչպես նկատեցիք, այն հաճախ չի հանդիպում: Նորից ասեմ՝ մինչև այժմ էլ պատճառագիտությունը վերջնական պարզ չէ և մինչև երկրորդ տիպի կորոնավիրուսի ի հայտ գալը կար ենթադրություն, որ այն կարող է այս կամ այն աստիճանի կորոնավիրուսի հետ կապված լինել, բայց այն հանդիսանում է դրդիչ գործոն և ոչ թե արտահայտություն: Դա լինում է, երբ տվյալ հիվանդներն ունենում են կորոնավիրուս, որը որոշ ժամանակ հետո նպաստում է այս համախտանիշի կամ հիվանդության զարգացումը»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց, որ այն հիմնականում հանդիպում է միչև 5 տարեկան երեխաների մոտ, բայց այն նկարագրությունները, որոնք կան, թույլ են տալիս սպասել՝ մի քիչ ավելի ավագ տարիքի երեխաների մոտ ևս: Նա նաև տեղեկացրեց, որ այս հիվանդության համար հիմա ՀՀ-ում պահուստային ֆոնդ ստեղծված է, նախարարությ,ունը կհետևի որ ժամանակին պահուստային ֆոնդը լրացվի, որ հանկարծակիի չգանք:










