«Նա գլխով է պատասխանատու կառավարության կարգուկանոնի համար». Լուկաշենկոն նոր կառավարություն է նշանակել, վարչապետը Ռոման Գոլովչենկոն է (լուսանկար)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի վարչապետ է նշանակել Ռոման Գոլովչենկոյին, որը մինչ այս զբաղեցնում էր երկրի ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի նախագահի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է belta.by կայքը:
Բելառուսի նախագահը նշել է, որ Ռոման Գոլովչենկոն տարբեր պաշտոններում աշխատելու մեծ փորձ ունի՝ այդ թվում դիվանագիտական ծառայության ոլորտում, գիտի՝ ինչպես բանակցություններ վարել, գլխավորել է ռազմաարդյունաբերական համակարգը:
«Ես երեկ նրան զգուշացրել եմ, որ մեզ մոտ կառավարությունը հավաքական մարմին է: Եվ նա կառավարության ղեկավարն է: Քվեարկության ժամանակ նա ունի նույն մեկ ձայնը: Քվեարկության հավասար արդյունքի դեպքում, առավելությունը, իհարկե, նրանն է: Բայց, չնայած դրան, նա գլխով է պատասխանատու կառավարության կարգուկանոնի համար, վերջնական արդյունքի համար»,-ընդգծել է բելառուս առաջնորդը:
Նախագահը բացատրել է, թե ինչու է ընտրել հենց Ռոման Գոլովչենկոյին:
«Որովհետև գյուղատնտեսության ոլորտում մենք կարծես ինչ-որ բան արդեն արել ենք, հասկացել ենք, թե որ ուղղությամբ շարժվենք: 90-ականներին ուտելիք չկար, մթերքը կտրոններով էին բաժանում, իսկ այսօր մենք 6 միլիարդ դոլարի չափով վաճառում ենք դրանք ու մեզ ապահովում: Արդյունաբերության մեջ նույնպես գիտենք՝ ինչ անել, սակայն մեր ապրանքների մրցակցությունը շատ մեծ է, և մենք պետք է թափանցենք և վերահսկենք արդյունաբերությունը»,-նշել է Լուկաշենկոն:
Նախագահը շեշտել է, որ Ռոման Գոլովչենկոն իր նախորդ աշխատանքի ընթացքում զբաղվել է արդյունաբերությամբ՝ դրսևորելով տեխնոլոգիական բարձրագույն մակարդակ: «Ես ուզում եմ արդյունաբերության ավելի բարձր մակարդակ ստանալ նրանից, բոլոր հնարավոր ոլորտներում: Նա վատ կազմակերպիչ չէ: Բայց, ամենակարևորը, նա հուսալի անձնավորություն է, որին կարելի է վստահել: Նա հասկանում է հողից: Նա հուսալի անձ է, իր երկրի հայրենասերը, ծնվել և մեծացել է Բելառուսում: Ճանապարհորդելով ամբողջ աշխարհում՝ չի մնացել ոչ մի երկրում: Մեզ համար այժմ շատ կարևոր է, որ հայրենասերներն ու պրոֆեսիոնալները գան իշխանության», - ասել է նախագահը:
Ալեքսանդր Լուկաշենկոն հանրապետության նոր կառավարությանը կոչ է արել մոբիլիզացվել ներկայիս ծանր պայմաններում, «կառչել և օգտագործել» առաջ ընթանալու ցանկացած հնարավորություն:











