ԱՄՆ-ում սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանության գործով ևս երեք ոստիկան է ձերբակալվել (տեսանյութ)

12:38 • 04.06.20

ԱՄՆ-ում ևս 3 ոստիկանի են ձերբակալել, որոնք ականատես են եղել, թե ինչպես է իրենց գործընկեր Դերեկ Չովինն իր ծնկով սեղմելով խեղդամահ անում աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդին։ Նրանց սպանությանը մասնակից լինելու մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Associated Press գործակալությունը։

Նշվում է, որ աշխատանքից հեռացված Թոմաս Լեյն, Ջեյ Քուեն և Տոու Տաո անունով ոստիկաններն այժմ դատարանի առաջ կկանգնեն։

Հայտնի է նաև, որ Դերեկ Չովինի նկատմամբ մեղադրանքները խստացվել են։ Այժմ նա մեղադրվում է ոչ թե երրորդ աստիճանի ոչ միտումնավոր սպանության, այլ ծանր հանցագործություն կատարելիս առանց դիտավորության երկրորդ աստիճանի սպանության համար:

 

Նշվում է Մինեսոտա նահանգից սենատոր Էմի Կլոբուշարն, իր հերթին, հայտարարել է, որ Չովինին ուղղված խիստ մեղադրանքը «արդարադատության ուղղությամբ կատարված ևս մի կարևոր քայլ է»։

Արդեն օրեր շարունակ Մինեապոլիսում տեղի ունեցող բողոքի ցույցի մասնակիցները, իմանալով երեք ոստիկանի ձերբակալության մասին, հայտնել են, որ դա բավական չէ, ուստի դեռևս ցույցերը շարունակվում են, քանի որ երկրում համակարգային փոփոխություններ են պետք։

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար: