Նախագծի հեղինակի առաջարկով՝ ԱԺ-ն չընդունեց մեկուսացված քաղաքացիներին նպաստ տրամադրելու նախագիծը. այն ուղարկվեց գրավոր առաջարկությունների ստացման փուլ

13:40 • 04.06.20

ԱԺ արտահերթ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի՝ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունեց՝ հեղինակի հորդորով: Նախագծին դեմ քվեարկեց 82, կողմ՝ 27 պատգամավոր:

Պատգամավորն ավելի վաղ հայտնել էր, որ նախագծում որոշակի պարզաբանման հարցեր կան, այդ պատճառով ժամանակ է անհրաժեշտ առաջարկությունների համար:

Քվեարկությունից հետո Զեյնալյանն առաջարկեց նախագիծը տեղափոխել առաջարկությունների ստացման փուլ, և առաջարկն ընդունվեց 85 կողմ և 2 ձեռնպահ ձայներով: Նախագիծն ուղարկվեց գրավոր առաջարկությունների ստացման փուլ:

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է մեկուսացման նպաստ տալ այն անձանց, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույն են աշխատանքով ապահովել իրենց և պարետատան ցուցմամբ մեկուսացվել են: