Ռուս գնդապետը ծեծելով պատժել է իր ենթականերին` Սիրիայում Ասադի անվտանգության ուժերի ուղղությամբ կրակ բացելու համար. «Կոմերսանտ»

15:14 • 04.06.20

Սիրիայի արևելքում գտնվող Դեր Զորի հրամանատարական կետում տեղի ունեցած միջադեպը քիչ էր մնացել մի ամբողջ կարիերա արժենար ռուսական զորքերի օպերատիվ խմբի ղեկավար, գնդապետ Եվգենի Տելեշևի համար: Այս մասին գրում է Коммерсантъ պարբերականը:

Ռուսական խմբավորման հրամանատար գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովից տեղեկանալով, որ իր ենթակաները կրակել են Բաշար ալ Ասադի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ՝ գնդապետը նրանց պատժել է՝ բռնություն կիրառելով: Ծանր հետևանքներով պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար գնդապետին սպառնում էր ազատազրկում տասը տարի ժամկետով, բայց նրա նկատմամբ միայն տուգանքի որոշում է կայացվել:

Դատավարության ընթացքում հաստատվել է, որ գնդապետ Տելեշևը Սիրիայում իր գործուղման ընթացքում եղել է Էշ-Շոլա մարտավարական ուղղության վրա գտնվող օպերատիվ խմբի ղեկավարը:

2019 թվականի հուլիսի 23-ի առավոտյան Դեր Զորի հրամանատարական կետի (ՀԿ) ծառայողական աշխատասենյակում նա ծեծի է ենթարկել երկու ենթականերին՝ դժգոհ լինելով ՀԿ-ի պաշտպանության հատուկ առաջադրանքների կատարումից:

Ինչպես բացատրել է գնդապետը դատարանում, 2019-ի մայիսից հուլիս ամիսներին իրեն վստահված տարածքում իրավիճակը լարված էր. գրոհայինների՝ հրամանատարական կետի վրա հարձակում և Ռուսաստանի զորքերի հետ ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էին Սիրիայի քաղաքացիներ:

Երբ գնդապետը Ռուսաստանի զորքերի խմբավորման հրամանատար Անդրեյ Սերդյուկովից իմացել է , որ իր ենթականերից մեկը, գտնվելով մարտական դիրքում, կրակել է ՍԱՀ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցների մեքենայի ուղղությամբ և փամփուշտը կոտրել է մեքենայի ապակին, որի հետևանքով, բախտի բերմամբ, ոչ ոք չի տուժել, նա չի կարողացել զսպել իրեն և «բռնություն է գործադրել» այդ ենթակայի և նրա անմիջական վերադասի նկատմամբ:

Այնուհետև նա կարգադրել է ավագ սպային դաստիարակչական նպատակներով հանգստի սենյակում մեկուսացնել մեղավոր զինվորին:

Ըստ գնդապետի՝ նրան վրդովեցրել էր այն փաստը, որ դեպքի մասին ինքն իմացել է հրամանատարից, և ոչ թե իր ենթակաների զեկույցից, որոնք անգամ հերքել են դեպքի իրողությունը: Տուժածները իրենց հերթին դատարանին պատմել են, որ գնդապետը հարվածել է իրենց գլխին և որովայնին, մի քանի անգամ էլ հարվածել է դեմքին, իսկ քթի արյունահոսությունից հետո ստիպել է վերնաշապիկով մաքրել հատակը: Ռազմական բժիշկը հաստատել է, որ զինծառայողների մոտ փակ գանգուղեղային վնասվածքներ և ուղեղի ցնցում է եղել, որոնք որակավորվում են որպես առողջությանը հասցված թեթև վնաս:

Ուսումնասիրելով գործի հանգամանքները՝ դատարանը գնդապետ Տելեշևի համար նշանակել է ավելի մեղմ պատիժ, քան նման արարքների համար ընդունված 3-10 տարվա ազատազրկումը: Հաշվի առնելով Տելեշևի մատուցած ծառայությունները հայրենիքին, պատերազմի մասնակից լինելու հանգամանքը և նրա անցած ուղին, նրան պարզապես տուգանել են 350 000 ռուբլիով, բացի դրանից պարտավորեցրել են 70 000 ռուբլի վճարել տուժածներին: