Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կարծում է, որ մեկ տարի անց քաղաքը լիովին կվերադառնա իր բնականոն կյանքին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ մեկ տարի անց քաղաքը լիովին կվերադառնա իր բնականոն կյանքին, և հույս է հայտնել, որ հոկտեմբերին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը կստանան։
Սոբյանինը համավարակային իրավիճակում ՌԴ ղեկավարության կայացրած որոշումները և ձեռնարկած միջոցառումներն ադեկվատ է գնահատել և շնորհակալություն հայտնել երկրի կառավարությանն ու նախագահին ցուցաբերած աջակցության համար։
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ համավարակի ընթացքում ռուսական առողջապահական համակարգը եվրոպական զարգացած մի շարք երկրների և քաղաքների համեմատությամբ արդարացրել է իրեն։ Դաշնային և մասնավոր կլինիկաների ակտիվ մասնակցության շնորհիվ Մոսկվայում ստեղծվել է կորոնավիրուսով ծանր հիվանդներին ստացիոնար օգնություն ցուցաբերելու ամենախոշոր համակարգն աշխարհում: Արհեստական բանականության միջոցով կորոնավիրուսային թոքաբորբի ախտորոշումը հնարավոր է իրականացնել 90%-ից բարձր ճշգրտությամբ։
Նշվում է, որ նախնական գնահատականներով՝ քաղաքը համավարակի հետ կապված խնդիրների հաղթահարման համար ծախսել և շարունակելու է մոտ քառորդ տրիլիոն ռուբլի ծախսել։ Եվս կես տրիլիոն ռուբլով կկրճատվի նաև քաղաքի բյուջեի եկամուտը: Միևնույն ժամանակ Սոբյանինը խոշոր քաղաքային նախագծերի իրականացումն անհրաժեշտ է համարել՝ դրանք տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու հավելյալ խթանիչներ որակելով։










