Երբ ուժ չենք կիրառում, մեզ ասում են՝ մեղմ եք, թավշյա եք, փափուկ խաղալիք եք, երբ ուժ ենք կիրառում՝ դիտարկվում է բռնություն․ ՀՀ ոստիկանապետ
Ոստիկանության գործողության իրավաչափությունը միանշանակ կստուգվի, բայց շատ իրավաչափ եմ համարում, քանի որ քաղաքացուն ընդամենն ասում են՝ կատարի՛ր, պարտի որոշումները։ Այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի այն հարցին, թե ինչու է ոստիկանությունը բռնություն գործադրում դիմակ չկրող քաղաքացու նկատմամբ, և արդյո՞ք ՀՀ ոստիկանապետն այդ գործողությունն իրավաչափ է համարում։
Ոստիկանապետի խոսքով՝ այն քաղաքացին, ով համակեցության կանոններից, համընդանուր նորմերից և մյուս պահանջներից սկսած, փորձում է ընդվզել, և ոստիկանին հրահրելով, փորձել ներքաշել ինչ-որ բանի մեջ, ապա այս պարագայում ոստիկանության գործողությունը ճիշտ է։
«Բնականաբար, եթե այդ նույն գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, ով ոչինչ չի արել, անպայման ոստիակնության այդ ծառայողը կպատժվի։ Կարծում եմ՝ ոստիկանն ունի օրենքով ուժ կիարառելու լիազորություն, և այդ քաղաքացու մասին ճիշտ չի լինի բարձրաձայնեմ, հատկապես, որ իր անձի հետ կապված որոշակի ինֆորմացիա ունեմ»,- ասաց ոստիկանապետը։
Նրա խոսքով՝ ովքեր կխախտեն օրենքը, և ոստիկանները, որտեղ կգտնեն դրա պահանջը կա, և օրենքով ճիշտ է ուժ կիրառելը, ապա պետք է ուժ կիրառել։
«Կներեք, բայց մենք 2 ծայրահեղության մեջ ենք ընկնում, երբ մենք ուժ չենք կիրառում, մեզ ասում են՝ մեղմ եք, թավշյա եք, փափուկ խաղալիք եք, երբ ուժ ենք կիրառում, ուժ կիառելը դիտարկում են բռնություն»,- ասաց Արման Սարգսյանը։










