«Ավակովը սատանա է», «Ո՛չ ոստիկանական պետությանը». Գերագույն ռադայի շենքի մոտ ՆԳ նախարար Արսեն Ավակովի հեռացման պահանջով բողոքի ակցիա է տեղի ունենում (լուսանկարներ, տեսանյութ)
Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է տեղի ունենում: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
«Ուկրաինացիները խաղաղ բողոքի ակցիայի իրավունք ունեն: Իշխանությունները պետք է լավ հասկանան, թե ինչ է լինում, երբ մեզնից խլում են այդ իրավունքը»,-հայտարարել են բողոքի ակցիային մասնակցող «Ձայն» կուսակցության ներկայացուցիչները:
Նշվում է, որ խորհրդարանի շենքի մոտ մի քանի հարյուր մարդ կա: Վրաններ են տեղադրվել, որոնց վրա կան նաև ազգայնական ակտիվիստների խորհրդանիշերը:
Ցուցարարները հայհոյախառը գրություններով պաստառներ են պարզում և բղավում են «Ավակովը սատանա է» և «Ո՛չ ոստիկանական պետությանը»: Ակցիայի անցկացման վայրում մեծ թվով իրավապահներ կան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ուկրաինայի Գերագույն ռադայում ստորագրահավաք է սկսվել երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականի պահանջով:
Ավակովի գործունեությունից դժգոհությունը կապված է վերջին շրջանում Ուկրաինայում տեղի ունեցած մի քանի հանցավոր դեպքերի հետ. Ժիտոմիրի շրջանում 7 մարդու գնդակահարման, Կագարլիկում ոստիկանների կողմից աղջկա բռնաբարության և Բրովարիում զանգվածային հրաձգության հետ:

















