Ուկրաինայի Գերագույն ռադայում ստորագրահավաք է սկսվել նախարար Արսեն Ավակովի հրաժարականի պահանջով (լուսանկար)

16:28 • 02.06.20

Ուկրաինայի Գերագույն ռադայում ստորագրահավաք է սկսվել երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականի պահանջով: Ուրբաթ սպասվում է ներքին գործերի նախարարի զեկույցը պատգամավորների առաջ: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Հունիսի 2-ին կայացած նիստում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության պատգամավոր Եվգենի Շևչենկոն կոչ է արել բոլոր գործընկերներին Ավակովին ազատել աշխատանքից:

«Ես առաջարկում եմ բոլոր այն խոսքերը, որոնք մարդիկ խոսում են իրար մեջ խմբակցություններում, բերել հանրային ոլորտ: Ես հիմա ամբողջ երկրին հայտարարում եմ, որ «Ժողովրդի ծառա» խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները դժգոհ են Ներքին գործերի նախարարության աշխատանքից: Ես կարծում եմ, որ պետք է ուժ հավաքել, դադարել վախենալ, ճիշտ որոշում ընդունել և Ավակովին ուղարկել թոշակի»,-ասել է Շևչենկոն:

«Ձայն» խմբակցությունից պատգամավոր Յարոսլավ Յուրչիշինը փաստաթուղթ է հրապարակել, որի համաձայն արդեն հավաքվել է 40 ստորագրություն: Ստըորագրողները դեռևս միայն «Ժողովրդի ծառա» և «Ձայն» խմբակցություններից են: Հրաժարականի հարցը քննարկման դնելու համար հարկավոր է առնվազն 150 ստորագրություն:

Ավակովի գործունեությունից դժգոհությունը կապված է վերջին շրջանում Ուկրաինայում տեղի ունեցած մի քանի հանցավոր դեպքերի հետ. Ժիտոմիրի շրջանում 7 մարդու գնդակահարման, Կագարլիկում ոստիկանների կողմից աղջկա բռնաբարության և Բրովարիում զանգվածային հրաձգության հետ: