Carolina Panthers ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատիրոջ արձանը ցուցարարների թիրախում հայտնվելու մտահոգությունների ֆոնին ապամոնտաժվել է (տեսանյութ, լուսանկարներ)
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքի ամերիկյան ֆուտբոլի Carolina Panthers պրոֆեսիոնալ ակումբի նախկին սեփականատեր Ջերի Ռիչարդսոնի արձանն ապամոնտաժվել է այն մտահոգությունների ֆոնին, որ ռասիզմի համար մեղադրվող Ռիչարդսոնի արձանն, ի թիվս բազմաթիվ արձանների, նույնպես կարող է հայտնվել ցուցարարների թիրախում, գրում է Daily Mail-ը։
83-ամյա Ռիչարդսոնն ակումբը վաճառել է 2018 թվականին՝ սեռական ոտնձգությունների և աֆրոամերիկացի սկաուտին ռասայական վիրավորանք հասցնելու մեղադրանքներից հետո։
Հուշարձանը կանգնած է թիմի մարզադաշտի առջև, և ներկայիս սեփականատեր Դեյվիդ Թեփերն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ պայմանագրով պարտավոր է պահպանել գրեթե 4 մետր բարձրությամբ Ռիչարդսոնի արձանը։
Չորեքշաբթի անօդաչու թռչող սարքերից արված լուսանկարներում երևում է, թե ինչպես է հսկայական վերամբարձ կռունկն արձանը բարձրացնում պատվանդանից և այն տեղադրում ոչ հեռու կայանված բեռնատար-կցասայլերի վրա: Ռիչարդսոնի արձանի կողքին գտնվող ընձառյուծների երկու արձանները նույնպես հանվել են։
Հաղորդվում է, որ սոցիալական ցանցերում քննարկումներ են սկսվել այն մասին, որ արձանը հանվել է մայիսի 25-ին՝ Մինեապոլիսի ոստիկանության կողմից Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ռասիզմի և ոստիկանության դաժանության դեմ ազգային բողոքների ֆոնին:
«Մենք տեղյակ ենք Ջերի Ռիչարդսոնի արձանի շուրջ վերջին խոսակցությունների մասին և մտահոգված ենք, որ այն կարող է հայտնվել ցուցարարների թիրախում։ Մենք արձանը տեղափոխում ենք հանրային անվտանգության շահերից ելնելով»,- ասված է թիմի հայտարարության մեջ:
Նշենք, որ ռասայական խտրականության և ոստիկանական կամայականության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ցուցարարները մի շարք հուշարձաններ են ապամոնտաժել։
Հունիսի 7-ին Մեծ Բրիտանիայում ցուցարարներն ապամոնտաժել էին 17-րդ դարի ստրկավաճառ Էդվարդ Քոլսթոնի հուշարձանը և այն նետել ծովախորշը, ինչպես նաև պղծել էին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հուշարձանը: Ցուցարարները ներկի օգնությամբ ջնջել էին Չերչիլի ազգանունը՝ այն փոխարինելով «ռասիստ էր» գրությամբ։
Մինչդեռ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում ցուցարարներն ապամոնտաժել էին իտալացի ճանապարհորդ, հայտնագործող և գաղութարար Քրիստափոր Կոլումբոսի հուշարձանը և այն լիճը նետել՝ պատվանդանի վրա թողնելով «Կոլումբոսը ցեղասպանություն է մարմնավորում» գրառումը։
Լոնդոնում ցույցերի ֆոնին Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը կոչ է արել ապամոնտաժել բոլոր ստրկավաճառների արձանները՝ խոստանալով «վերանայել և բարելավել» մայրաքաղաքի տեսարժան վայրերի բազմազանությունը։














