«Պատրաստ ենք օրական թեստավորել ՀՀ 500-1000 քաղաքացիների կամ Հայաստանին նվիրել համապատասխան քանակությամբ PCR թեստեր». Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն

10:30 • 12.06.20

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է օրական 500-1000 թեստավորում անցկացնել ՀՀ քաղաքացիների համար կամ Հայաստանին համապատասխան քանակությամբ PCR թեստեր նվիրել: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

«Այն բանից հետո, երբ հստակեցվի Հայաստանին անհրաժեշտ օգնության տեսակը, ամեն ինչ ավելի պարզ կլինի: Ինչ վերաբերում է մեր` Հիվանդությունների վերահսկման կենտրոնին, մենք առաջարկել ենք օրական 500-ից 1000 թեստավորում անցկացնել ՀՀ քաղաքացիների համար կամ Հայաստանին տրամադրել 10 000 PCR թեստ»,-հայտարարել է Գամկրելիձեն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ երկրի առողջապահության նախարարությանը հանձնարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում օգնություն պատրաստել Հայաստանի համար:

Օգնությունը, ըստ նրա, առաջին հերթին կլինի բուժանձնակազմի տեսքով. Հայաստան բուժանձնակազմ կուղարկվի: «Այդպիսի խնդրանքով է մեզ դիմել հարևանը»,-ասել է Գախարիան: