«Մի՞թե չգիտեք՝ ես ով եմ». ըմբշամարտիկը Տեխասի բարերից մեկում կրակ է բացել՝ վնասվածքներ հասցնելով առնվազն 8 մարդու

13:23 • 13.06.20

ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի բարերից մեկում ուրբաթ գիշեր հրաձգություն է տեղի ունեցել։ Հրաձգության հետևանքով տուժել է առնվազն 8 մարդ, հաղորդում է ABC News-ը։

Սան Անտոնիոյի ոստիկանության պետ Ուիլյամ Մաքմանուսի խոսքով՝ բոլոր տուժածներն այժմ գտնվում են կայուն վիճակում:

Հաղորդվում է, որ նախօրեին մի խումբ անձինք փորձել են մուտք գործել բար, սակայն ալկոհոլի ազդեցության տակ լինելու պատճառով մերժում են ստացել։

Այդ ժամանակ ենթադրյալ հրաձիգն ասել է. «Մի՞թե չգիտեք՝ ով եմ ես։ Ես ըմբշամարտիկ եմ»։ Այնուհետև կասկածյալը վերադարձել է իր ավտոմեքենա, հանել հրացանը, անցել փողոցն ու կրակ բացել։

Վիրավորների թվում են՝ 23-41 տարեկան 5 կին և 3 տղամարդ։ Ոստիկանությունը հայտնել է, որ կրակողը փախուստի է դիմել դեպքի վայրից և դեռևս չի հայտնաբերվել։