Նախարարը հանձնարարել է ԵՊՀ-ի իր դրածոներին ամեն ինչ անել, որ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի թեկնածուն չհասնի Հոգաբարձուների խորհրդի դասախոս անդամների քվեարկություն փուլին․ Վ․ Վարագյան
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հունիսի 15-ին կայանալիք ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի դասախոս անդամների ընտրությանը։ Նա մասնավորապես նշել է, որ իր ղեկավարած կենտրոնը ևս առաջադրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու, սակայն մինչ այս պահը իրենց թեկնածուի անուն-ազգանունը չի ընդգրկվել ցուցակում, ծանուցում չի ուղարկվել ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին, ինչը ԵՊՀ կանոնադրության 28-րդ կետի կոպտագույն խախտում է: Վարագյանի գրառումը՝ ստորև․
«Ռեժիմը խուճապի մեջ է:
Հունիսի 15-ին ԵՊՀ գիտական խորհուրդը ընտրելու է ԵՊՀ նոր ձևավորվող հոգաբարձուների խորհրդի դասախոս անդամներին: Իմ ղեկավարած ստորաբաժանումը՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը ևս առաջադրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու: Բայց մինչև այս պահը մեր թեկնածուի անուն ազգանունը չի ընդգրկվել ցուցակում և ծանուցում չի ուղարկվել ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին, ինչը ԵՊՀ կանոնադրության 28-րդ կետի կոպտագույն խախտում է:
Ինձ հասած լուրերի համաձայն օրվա իշխանությունները՝ մասնավորապես Կրթության գիտության և այլնի նախարարը հանձնարարել է համալսարանի իր դրածոներին ամեն ինչ անել, որ իմ ղեկավարած կենտրոնի կողմից առաջադրված թեկնածուն չհասնի քվեարկություն փուլ՝ լավ իմանալով, որ քվեաթերթիկում հայտնվելու դեպքում հոգաբարձուների խորհրդի անդամ դառնալու հավանականությունը մեծ է»:










