Փարիզում ռասիզմի դեմ բողոքի ակցիան վերաճել է անկարգությունների (տեսանյութ)

20:41 • 13.06.20

Սևազգեստ և դեմքերը փակած մարդիկ անկարգություններ են հրահրել Փարիզի Հանրապետության հրապարակում անցկացվող չարտոնագրված ցույցի ժամանակ՝ ուղղված ռասիզմի և ոստիկանական բռնության դեմ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ի թղթակիցը, բողոքի ակցիան մեկնարկել է տեղի ժամանակով 14:30-ին (երևանյան 16:30): ԶԼՄ-ների տվյալներով՝ ցույցին մոտ 10 հազար մարդ է մասնակցում: Նախատեսվում էր, որ ցուցարարները երթով կշարժվեն դեպի Գարնյե օպերայի կողմը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել երթին առաջ ընթանալ:

Կես ժամ անց սևազգեստ մարդիկ՝ մեծամասամբ երիտասարդ տղամարդիկ, սկսել են շշեր, ներկի տարաներ և այլ իրեր նետել փողոցը փակած ոստիկանների ուղղությամբ: Հավաքվածներն էլ վանկարկում էին. «Ցանկանում ենք առաջ շարժվել, ճանապարհ տվեք»: Բախումների արդյունքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:

Հիշեցնենք, որ զանգվածային ցույցներն ընդդեմ ռասիզմի եվրոպական քաղաքներում և ԱՄՆ-ում մեկնարկել են մայիսի 25-ին Մինեապոլիսում ոստիկանի կողմից սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Ոստիկանը ծնկով սեղմած է պահել վերջինիս պարանոցը, ինչի հետևանով նա շնչահեղձ է եղել: