Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավենք քաղաքացիական հագուստով ոստիկանների. վարչապետ (տեսանյութ)

19:20 • 13.06.20

Շարունակելու ենք վարչական  միջոցներ գործադրել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ քաղաքացիներ որոնք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները. այսօր Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ  նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Նա տեղեկացրեց, թե լուրեր են  շրջանառվում այն մասին, որ տուգանքները, որոնք մինչև այժմ կիրառվել են, չեղարկվելու են, սակայն, ըստ վարչապետի՝ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը:

 «Ես ուզում եմ ասել, որ այդպիսի հույսերն իզուր են, քանի որ հակահամաճարակային կանոնների համար սահմանված տույժերը չեն չեղարկվելու,  դրանք պիտի վճարվեն՝ չնայած նրան, որ մեր խնդիրը քաղաքացիներին տուգանելը չէ: Մենք հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավենք քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություն չեն անի, բայց մոտակա կարգախմբերին կհրավիրեն, որպեսզի այդ կարգախմբերը կանոնները չպահող քաղաքացիների նկատմամբ կիրառեն վարչական պատասխանատվության մեթոդներ»:

 Վարչապետը հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումներում ներգրավված քաղաքացիներին կոչ արեց անհրաժեշտության դեպքում դիմել ոստիկանությունը։

Վարչապետը հիշեցրեց, որ վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 723 դեպք։ Նրա խոսքով՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ վարակը տարածվում է նույն կամ մոտակա հասցեներում: Ներկա շրջանում վարակը տարածվում է բակերում, թաղամասերում, հոգեհանգստի միջոցառումներում և ընդհատակյա հարսանիքների ժամանակ: Ոստիկանությունը մի քանի օր ուժեղացված հսկողություն է իրականացնում բակերում՝ թույլ չտալով բակերում հակահամաճարակային կանոնների խախտումներ․ հսկողությունը շարունակվելու է:

Հարցին թե՝ Հայաստանում շուտով կսկսվի գյուղացիական ապրանքների արտահանումը մասնավորապես՝ եվրասիական տնտեսական գոտու երկրներ․ հաշվի առնելով այն փաստը, որ գյուղմթերքը շուտ է փչանում կա՞ն արդյոք  որոշակի արագացման գործընթաց՝ սահմանային անցակետերում հնարավոր ձգձգումներից խուսափելու համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մեր մաքսային կետերում ընթացակարգերն արել ենք այնպես, որ արագ տեղի ունենա արտահանումը: Ինչպես նաև մեր Վրաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք: Վերին Լարսում ունենք արդեն մաքսային  ներկայացուցիչ, և այս համագործակցության շրջանակներում ես հույս ունեմ, որ ամեն ինչ կկազմակերպենք բարձր մակարդակով: Համենայնդեպս այս պահին անհանգստացնող դեպք չկա»:

Լրագրողի հարցին՝ թե ստեղծված իրավիճակի համար հաճախ եք մեղադրում  քաղաքացիներին, մի քանի օր առաջ Արսեն Թորոսյանը խոստովանեց, որ սխալներ եղել են և կա՞ն տվյալներ, թե ինչքանով են դրանք նպաստել ստեղծված վիճակի առաջացմանը, վարչապետը նշեց, որ ինքը քաղաքացիներին որևէ բանի մեջ չի մեղադրում, այլ փորձում է օգնել քաղաքացիներին և կառավարությանը, որ լավ հասկանան իրավիճակի հետագա բարդացումը:

«Պարետատան նիստերում քննարկում ենք, թե կառավարության գործողությունների մեջ ի՞նչ չհամակարգվածություններ են եղել, և աշխատում ենք այդ խնդիրները վերացնելու համար: Իմ հիմնական թեզը հետևայալն է․ այս խնդիրը հնարավոր է լուծել կառավարություն- հանրություն զանգվածային համագործակցության միջոցով: Կորոնավիրուսը անսպասելի է եղել  ամենազարգացած երկրների համար: Մենք այս առումով գործում ենք 100 տոկոսով թափանցիկ: Մենք մեր բացթողումներն, անհաջողությունները թաքցնելու խնդիր չունենք, ուզուոմ ենք մեր իրավիճակը ճիշտ ախտորոշել և լուծումների գալ: Ի վերջո քաղաքացին է դառնում այս իրավիճակի թիվ մեկ զոհը: Ինչպե՞ս կարելի զոհին մեղադրել այն իրավիճակի համար, որում հայտնվել է»: