Երկիրն այս վիճակին հասցնելը կա՛մ հանցավոր անգործություն է, կա՛մ հանցավոր մոտեցումների հետևանք. առողջապահական համակարգն ադեկվատ չի գործում. համաճարակաբանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին
Երկիրն այս վիճակին հասցնելը կա՛մ հանցավոր անգործություն է, կա՛մ հանցավոր մոտեցումների հետևանք: Առողջապահական համակարգը բացարձակապես սխալ է կառավարվում, ռեսուրսները ոչ ճիշտ են օգտագործվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին:
Նրա խոսքով՝ համաճարակը հիմա անարգել տարածվում է, քանի որ, ի սկզբանե, դրա հանդեպ անլուրջ մոտեցում կա, որին նպաստում էին երկրի վարչապետի, առողջապահության նախարարի անլուրջ և ոչ գրագետ հայտարարություններն ու գործողությունները, և կանխարգելման գործողություններն ուշացան:
«Այն գործողությունները, որոնք ի սկզբանե պետք է կատարվեին շատ խիստ ձևով ամբողջ հանրապետության տարածքում, երբ կորոնավիրուսի դրական դեպքերն ընդամենը մի քանիսն էին, ուշացան: Սահմանների փակումն ուշացավ, թեև դրա մասին բարձրաձայնում էին բազմաթիվ մասնագետներ: Արտակարգ դրության առաջին օրերին վարչապետի տիկինը բուկլետներ էր բաժանում, վարչապետը մոնիթորինգային այցեր էր անում սուպեմարկետներ, մինչ այդ առողջապահության նախարարը հայտարարում էր, թե կորոնավիրուսը հատուկ վտանագավոր վարակ չէ: ժամանակ էին ծախսում շոուի էֆեկտների վրա, օրինակ՝ հյուրանոցների լուսանկարներն էին տարածում՝ կարևոր գործողությունները թողած»,-ասաց համաճարակաբանը՝ նշելով, թե առողջապահական ռեսուրսը նախապատրաստելու համար կար առնվազն 3-4 ամիս, որը լիարժեք չօգտագործվեց:
Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ այժմ պետք է հստակ գործողություններ իրականացվեն, քանի որ կանխարգելման փուլն անցել է:
«Ես չեմ տեսել, որ համաճարակաբանական լուրջ վերլուծություն իրականացվի՝ պարզելու համար, թե սոցիալական ինչպիսի կապերի միջոցով է տարածվում վարակը: Իմ դիտարկումների համաձայն՝ հիմնականում փոխանցումը լինում է ընտանիքների ներսում և աշխատանքային կոլեկտիվներում, սերտ ընկերական կամ հարևանների միջև շփումների ընթացքում, որոնց ժամանակ դիմակ չեն կրում:
Խնդիրն այն է, որ մենք չենք կարողանում ազդել այն ուղիների վրա, որոնցով վարակը տարածվում է: Վերահսկողությունից դուրս վիճակ է: Առողջապահական համակարգն ադեկվատ չի գործում, օրինակ՝ չեն հոսպիտալացնում կորոնավիրուսի բոլոր սիմպտոմներն ունեցող քաղաքացուն, եթե թեստի պատասխանը բացասական է, մինչդեռ կարող են դեպքեր լինել, երբ այն պարզապես սխալ լինի»,-ասաց Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով՝ իրական խնդրի գիտակցում կա՛մ չկա, կա՛մ դիտավորյալ անլրջացվել է ի սկզբանե, և բարձիթողի վիճակ է: «Այժմ անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն՝ հասկանալու, թե այս պահին իրավիճակը Հայաստանում իրականում ինչպիսին է: Այդ ժամանակ պատկեր կունենանք՝ հասկանալու, թե սահմանափակումները կամ դիմակների կրումը որքանով է արդյունավետ, նպատակահարմար»,-ասաց Ռուբեն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 16004-ի, մահացածների ընդհանուր թիվը 355 է՝ ներառյալ կորոնավիրուս ունեցող, բայց այլ պատճառով մահացածների թիվը: Ընդհանուր առողջացածների թիվը 6081 է:










